Դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը պաշտպանական ճառի կարիք չունի, ինքը կընթերցի մեղադրական ճառ եւ ուղիղ 2 ժամ իրավաքաղաքագիտական վերլուծության ենթարկեց 2007 թ սեպտեմբերի 21-ից հետո երկրում ստղծված քաղաքական իրավիճակը, եւ դրանից բխող իշխանությունների գործողությունները:
Ջհանգիրյանի այսօրվա ելույթը, եւ հատկապես դրանում իրավական վերլուծության հատվածը կարելի էր ուսումնամեթոդական ձեռնարկ որակել, որը թերեւս անհրաժեշտ է ոչ միայն շարքային իրավապահներին, այլ շատ բարձրաստիճանների, ում Գագիկ Ջհանգիրյանը մեղադրեց իրավական անգրագիտության մեջ. մասնավորապես փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանին, ով մարտի 1-ի "խուզարկությունն" առանց ընթերականների իրականացնելը բացատրել էր 100-ավոր ականատես մարդկանց փաստով:
Երեւանի Կենտրոն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ժորա Վարդանյանն ու մեղադրող Հովսեփ Սարգսյանը ստիպված էին լսել իշխանությունների եւ իրավապահ մարմինների անողոք քննադատությունը: Իսկ դահլիճում ներկաներն վերապրեցին մեկ ու կես տարի առաջ մեկնարկած պայքարը' դրվագ առ դրվագ: Գագիկ Ջհանգիրյանն իր վերլուծությամբ ապացուցեց եւ հիմնավորեց, որ իշխանություն զավթել են ոչ թե այսօր մեղադրվող քաղաքական գործիչները, այլ "նրանց դատող ռեժիմը": Գագիկ Ջհանգիրյանի ճառն ավելի շուտ "7-ի գործով" պաշտպանական ճառ էր հիշեցնում.
Իր 50 էջանոց ելույթից հետո Գագիկ Ջհանգիրյանը եզրակացրեց. "Վերը նշվածը Սահմանադրության խախտմամբ, պետական իշխանությունը յուրացնելու, ապա զավթած իշխանությունը բռնությամբ պահելու ռեժիմի պարագլուխների ապագա մեղադրական եզրակացության ֆաբուլայի համառոտագիրն է' ոսկորն ու կմախքը, որը հետագայում քննության արդյունքներով, ձեռք բերված ապացույցներով, ներգրավված մեղադրյալներով միս ու արյուն կստանա եւ կդառնա ամբողջական ու ավարտուն մեղադրական եզրակացություն":
Իսկ վերջին խոսքի փոխարեն Գագիկ Ջհանգիրյանն ասաց. "Բոլոր ճգնաժամերից առավել Հայաստանում արդարության եւ արդարադատության ճգնաժամ է; Արդարության կենսական պահանջն ու իրական կյանքում դրա փնտրտուքն է մարդկանց հանում փողոց ու հրապարակ: Եթե կուզեք մնացած բոլոր ճգնաժամերի պատճառների պատճառը արդարության ու արդարադատության պակասն է":
Նա նաեւ հիշեցրեց բոլոր դատախազներին, դատավորներին, որ իր ու իր քաղբանտարկյալ ընկերների նկատմամբ իրականացվող հալածանքները բումերանգի նման վերադառնալու են իրենց:
Ապա ասաց. "Ձեզանից ներողամտություն չեմ հայցում. իմ ակնկալածը արդարադատություն է' հանիրավի ամբաստանվողիս առանց որեւէ պայմանի արդարացումը, հակառակ դեպքում ձեր ոչ մի բացատրություն ու զղջում չեմ ընդունելու ոչ հիմա, ոչ հետագայում. Թող Աստված լինի դատավորը":
Ջհանգիրյանի ելույթին հետեւեցին ներկաների բուռն ծափերը: Ջհանգիրյանի դատավճիռը կհրապարակվի մարտի 23-ին, ժամը 12-ին:

