Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացում չեն բացառվում անսպասելի սցենարներ: Համենայնդեպս նման զգացողություն ունի ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ով անսպասելի սցենար է համարում օրինակ այն, որ Թուրքիան կարող է որոշել «հեռանալ» ԱՄՆ-ից, ինչը կհանգեցնի ռուս-թուրքական դաշինքի կայացմանը:
Նրա կարծիքով, սրա հետեւանքով Հայաստանը կարող է կորցնել և' ազատագրված տարածքները, և' Արցախը: «Ռուս-թուրքական դաշինքը կարող է ավելի նախապատվելի դառնալ Ռուսաստանի համար, քան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները»,- ասաց Արման Մելիքյանը «Արցախ» ակումբում:
Եթե ձախողվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ապա, ըստ նրա, Թուրքիան կակտիվացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում:
«Այս գործընթացի ձախողումը կհանգեցնի նրան, որ մենք ձեռք կբերենք լրացուցիչ ակտիվ հակառակորդ և թշնամի: Կարծում եմ` ՀՀ իշխանությունը ապակողմնորոշված է և չգիտի` ինչպես դուրս գալ այս վիճակից»,- ասել է նա:

