Հանձնաժողովի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, նվիրված է սոցիալական ինտեգրման խնդրին, մասնավորապես` հաշմանդամների, երիտասարդության, ընտանիքի եւ ծերացման հարցերին:
Փետրվարի 5-ին ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է 2008-2021թթ. համար Կառավարության կողմից մշակված Կայուն զարգացման ծրագրին, որի հիմնական մասն են կազմում աղքատության հաղթահարման եւ սոցիալական զարգացման խնդիրները: Տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
ՀՀ պատվիրակությունը նաեւ տեղեկացրել է հանձնաժողովին, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է նախապատրաստական աշխատանքներ` հաշմանդամության գնահատման նոր, եվրոպական մոդելին անցնելու համար: Իրականացվել է իրավիճակի վերլուծություն եւ կարիքների գնահատում: Միջազգային կազմակերպությունների օգնությամբ Հայաստանում իրականացվել է «Ընտանիք» ինստիտուտի հետազոտություն, որից հետո 2009թ. սկսվել է «Ընտանիք»-ի հայեցակարգի մշակման ընթացակարգը:
Հայաստանը հանձնաժողովում, ի թիվս մյուս անդամ-երկրների, միջազգային կառույցների հետ համագործակցությամբ վերահաստատեց ինչպես Կոպենհագենի սոցիալական գագաթաժողովի, այնպես էլ ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակների իրականացման հարցում իր վճռականությունը:
ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական եւ սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է: Այն իր օրակարգում ներառում է սոցիալական ոլորտին վերաբերող ամենաբազմազան թեմաները: 1995թ-ից սկսած Հանձնաժողովի հիմնական գործառույթներից է Կոպենհագենում կայացած սոցիալական զարգացման համաշխարհային գագաթաժողովի հռչակագրում եւ գործողությունների ծրագրում տեղ գտած դրույթների իրականացումը:
Հայաստանը հանձնաժողովում ընտրվել է 2009-2012թթ. ժամանակահատվածի համար:

